MENU
Главная » 2017 » Май » 26 » Եթե գործն արդար քննվի՝ Սէֆիլյանն ու մյուսները դատարանի դահլիճից պետք է ազատ արձակվեն. փաստաբան
loading...
10:19
Եթե գործն արդար քննվի՝ Սէֆիլյանն ու մյուսները դատարանի դահլիճից պետք է ազատ արձակվեն. փաստաբան

«Վերջերս մեր դատարանները միակ բանը որ իրականացնում են, դա հրապարակային քննությունն է: Թույլ են տալիս ուղիղ եթերներ, ազատ լուսաբանում, և ինձ թվում է՝ Ժիրայր Սէֆիլյանի դեպքում ևս որևէ սահմանափակում չի լինի դատարանի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 26-ին Ժիրայր Սէֆիլյանի գործի դատաքննության մեկնարկին՝ ասաց վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ դատավորը «նորմալ դատավոր է», որից մեծ ակնկալիքներ կան արդար դատական ակտ կայացվելու մասով: «Ըստ էության գործ չկա, գործը բացակայում է, բայց շատ մեծ աղմուկ կա գործի շուրջ: Եթե կազմված գործը պատկերավոր բնութագրեմ, ապա տպավորություն է, որ խումբը Սէֆիլյանի գլխավորությամբ պատրաստվում էր Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միասին գրավել: Այս տեսքով գործը, որը գնացել է դատարան, դատարանի կողմից անաչառ քննվելու պարագայում բոլորն էլ դատարանի դահլիճից պետք է ազատ արձակվեն»,- հավելեց Հայրապետյանը:

Մեր դիտարկմանը՝ թե այնուամենայնիվ այսօրվա դատարաններից կարելի՞ է քաղաքական գործերով արդար դատական ակտ ակնկալել, փաստաբանը պատասխանեց. «Այո, ես հավատում եմ, որ արդար դատական ակտ կկայացվի, քանի որ այլ ճանապարհ չկա»: «Եթե դատարանները շարունակեն այնպես, ինչպես անում էին, ուղղակի իրենց այդ գործելաոճը արդեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Դատավորները պետք է փոխեն իրենց գործելաոճը: Դատարանները պետք է սկսեն անկախանալ և առանձնանալ իրենց կայացրած որոշումներով»,- նկատեց Հայրապետյանը՝ հավելելով, որ հատկապես Սէֆիլյանի գործով վստահ է, որ արդար որոշում կկայացվի, քանի որ գործն ամբողջությամբ շինծու է, որևէ հիմնավորված մեղադրանք չկա։ «Բացի դրանից, դատարանները վերջին շրջանում սկսել են շարժվել այլ ճանապարհով: Ընտրություններից հետո մի քանի դատական ակտ կայացվեց, որ նախկինում այդպիսի դատական ակտերի ականատես չէինք եղել»,- ավելացրեց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Սէֆիլյանին վերջին անգամ մի քանի օր առաջ է տեսել: Նա պատրաստ է դատական պրոցեսին և դատարանում հայտարարություններ անպայման կհնչեն:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանը նշված ենթախմբի անդամներին տրամադրել է հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի մարտական ակոսափող երկու ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 120 մարտական փամփուշտներով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբի անդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելով գրոհի վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հրահանգին:

Просмотров: 1063 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...