MENU
Главная » 2015 » Январь » 3 » Ամուսինս ցանկանում էր ինձ վաճառել մաս-մաս
loading...
12:57
Ամուսինս ցանկանում էր ինձ վաճառել մաս-մաս

Վիգեն Զարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե այս պատմությունը ինչ-որ մեկից լսեի, կկարծեի, որ ինձ ֆիլմի սյուժե են պատմում:

Գործուղումից վերադառնում էի Հայաստան: Կողքիս նստեց երիտասարդ մի աղջիկ: Ինքնաթիռը վեր բարձրացավ, և ես սկսեցի հաշվել րոպեները: Կողքիս աղջիկը լուռ էր, սակայն նրա դեմքից չանհետացող ժպիտը գրավեց ուշադրությունս: Ես հեշտությամբ եմ ծանոթություն հաստատում մարդկանց հետ ու, բացի այդ, բավական հետաքրքրասեր եմ։

Բնականաբար, ինձ հետաքրքրեց՝ ինչն էր նրան այդքան ուրախացրել: Ես սկսեցի խոսել աղջկա հետ, ու կարծես՝ նա էլ դեմ չէր ճանապարհի ընկեր ունենալ: Ինչպես և լինում է նոր ծանոթությունների դեպքում, մենք զրուցում էինք «այստեղից-այնտեղից»: Հաճելի զրույց էր, բայց հանկարծ նկատեցի, որ նրա ժպիտին փոխարինելու եկան արցունքով լի աչքերը: Ես լռեցի ու հայացքս թեքեցի մի կողմ, քանի որ չգիտեի՝ ինչ էր կատարվում նրա հոգում և ինչ կարելի էր ասել նրան: Մի քանի րոպե անց նա խոսեց.

- Այնքան ուրախ եմ, որ վերջապես տուն եմ վերադառնում: Կարոտել եմ հարազատներիս:

- Վաղո՞ւց չես եղել Հայաստանում:

- Մի ամբողջ հավերժություն չեմ եղել տանը:

Նա նորից լռեց: Այդ լռությունը չափազանց խորն էր, իսկ նրա բառերի մեջ անսահման ցավ էր զգացվում:

- Վերջապես փրկվեցի... չեմ հավատում, որ ամեն ինչ ավարտվել է:

- Ինչ-որ լուրջ բա՞ն էր պատահել: Չէ՛, եթե չես ուզում, կարող ես չպատմել:

- Ճիշտ հակառակը՝ ես ուզում եմ պատմել, բայց մտածում եմ՝ գուցե դու չցանկանաս լսել:

- Գիտես, ասում են՝ անծանոթ մարդկանց միշտ ավելի հեշտ է պատմել այն, ինչի մասին չէիր ուզի խոսել մտերիմներիդ հետ. այնպես որ, ես «ականջ» դարձած լսում եմ քեզ:

Նա ժպտաց, խոր շունչ քաշեց ու սկսեց խոսել.

- Երկու տարի առաջ ինտերնետով ծանոթացա մի տղայի հետ: Սկզբում ուշ-ուշ էինք գրում իրար, բայց աստիճանաբար մեր շփումն ակտիվացավ, և ես օրվա մեծ մասն անց էի կացնում համակարգչի առաջ: Մայրս նույնիսկ ասում էր, որ վրաս «փոշի է նստում»,- դառը ժպիտով ասաց Էլենը: - Նա ապրում էր Բելգիայում, երիտասարդ էր, գեղեցիկ, ապրում էր բավական բարեկեցիկ կյանքով: Երկու ամիս անց նա հայտարարեց, որ գալիս է իմ ու ընտանիքիս հետ ծանոթանալու և որ ինձ իր հետ տանելու մտադրություն ունի... Իհարկե, երջանկությանս սահման չկար: Ընկերուհիներիս հետ պատկերացնում էինք իմ նոր կյանքը' շքեղ տուն, երիտասարդ ու սիրելի ամուսին: Նա իսկապես եկավ:

Երբեք չեմ մոռանա մեր առաջին հանդիպումը: Սենյակիս պատուհանից հետևում էի, թե ինչպես նա դուրս եկավ մեքենայից, ձեռքն առավ կարմիր վարդերի մեծ փունջն ու, անհանգիստ այսուայնկողմ քայլելով, սկսեց հայացքով փնտրել ինձ...Ես հևիհև դուրս թռա մուտքից: Հանդիպման համար հատուկ զգեստ էի գնել, շատ գեղեցիկ էի այդ օրը: Նա մեկնեց ինձ ծաղկեփունջն ու ամուր գրկեց: «Երջանիկ եմ»,- մտածեցի ես:

Նա եկել էր երկու շաբաթով: Մենք ողջ օրը միասին էինք անցկացնում: Ծանոթացավ բոլոր բարեկամներիս հետ. անխտիր բոլորին դուր էր գալիս։ Ամեն ինչ ավելի քան լավ էր: Միասին սրճարաններ էինք գնում, հետո զբոսնում: Նա ասում էր, որ բարեկամներ չունի Հայաստանում: Ես մի փոքր զարմանում էի, թե ինչպես կարելի է ոչ մեկը չունենալ, բայց մյուս կողմից ուրախ էի, որ միասին էինք անցկացնում նաև այն ժամանակը, որ նա կարող էր տրամադրել բարեկամներին: Ամեն ինչ այնքան լրջացավ, որ նա ծնողներիցս խնդրեց իմ ձեռքը:

Ասաց, որ իր մայրիկն առողջական խնդիրներ ունի: Հենց առողջանա, խոստացավ ծնողներիս հրավիրել Բելգիա՝ մեծ հարսանիք անելու: Բայց ասաց, որ չի կարող սպասել այդքան և ցանկանում է ինձ իր հետ տանել: Հայրիկս մի քիչ ծանր տարավ (դե, յուրաքանչյուր ծնողի համար էլ դժվար է աղջիկ ամուսնացնելը), բայց ասաց, որ դեմ չէ իմ ընտրությանը: Փեսացուս սկսեց զբաղվել անհրաժեշտ թղթաբանությամբ՝ միասին Բելգիա վերադառնալու համար: Ես երբեմն ասում էի, թե պետք չէ շտապել, ավելի լավ կլինի որոշ ժամանակ շփվենք, պարզենք՝ արդյոք համապատասխանում ենք միմյանց: Նա առարկում էր, որ ինքը մտածելու կարիք չունի, քանի որ սիրում է ինձ և ցանկանում է ինձ հետ լինել ողջ կյանքում:

Երկու հեքիաթային շաբաթներն անցան, և նա վերադարձավ Բելգիա: Եթե առաջ միայն ինտերնետով էինք շփվում, նրա մեկնելուց հետո սկսվեցին նաև հեռախոսային զրույցները: Նա շատ անհամբեր էր: Ասում էր, որ նոր տուն է փնտրում մեզ համար, և ուզում էր, որ այդ տունն իմ սրտով լիներ, որ ես զբաղվեի տան կահավորմամբ:

Կարծես հեքիաթում լինեի

Օրը եկավ, և ես մեկնեցի սիրելիիս մոտ: Շատ ուրախ էի... Այլ կերպ լինել չէր էլ կարող...

Նա դիմավորեց ինձ մեծ ծաղկեփնջով: Ուղևորվեցինք մեր տուն։

Ճանապարհին նա ինձ ցույց էր տալիս քաղաքը: Կարծես հեքիաթում լինեի: Հասանք տուն: Ես սպասում էի, որ տանը մեզ կդիմավորեն, սակայն այնտեղ լռություն էր. մեզանից բացի ոչ ոք չկար:

- Հոգի՛ս, չէի ուզում տրամադրությունդ գցել, ուղղակի մայրս իրեն մի քանի օր առաջ շատ վատ զգաց, տեղափոխել ենք հիվանդանոց: Դա է պատճառը, որ չենք նախապատրաստվել քո գալուն:

- Հիմա ինչպե՞ս է: Արի գնանք հիվանդանոց:

- Չէ՛, ոչ այսօր... այսօր մեր օրն է։ Արի միասին անցկացնենք այն: Մամայի մոտ վաղը կգնանք:

Այդպես անցավ մեկ շաբաթ: Ոչ մի կերպ չէր ստացվում գնալ հիվանդանոց՝ նրա մայրիկին տեսակցության. միշտ ինչ-որ բան խանգարում էր:

Կասկածելի հետազոտություն

Մի երեկո, երբ տանը սրճում էինք, նա ինձ ասաց, որ ցանկանում է ինձ տանել ընդհանուր հետազոտության: Ես զարմացա և ասացի, որ որևէ գանգատ չունեմ, և ինձ ոչինչ չի անհանգստացնում։

- Մորս էլ ոչինչ չէր անհանգստացնում, բայց տես՝ հետո ինչ եղավ:
Ամեն անգամ, երբ հարցնում էի, թե ինչ է պատահել նրա մայրիկին, նա խուսափում էր պատասխանից՝ ասելով, որ չի ուզում խոսել այդ թեմայով: Միակ բանը, որ գիտեի, այն էր, որ շուտով պիտի վիրահատեին նրան:

Ես չէի ցանկանում նրան հակառակվել և, որոշեցի, որ եթե այդ հետազոտությունը նրա համար իսկապես այդքան կարևոր է, ուրեմն կանցնեմ այն:

Մենք գնացինք հիվանդանոց, ես անցա բոլոր հնարավոր ստուգումներն, ու ինձ ասացին, որ ես կատարելապես առողջ եմ: Նրա երջանկությունն անսահման էր: Իսկ ինձ երջանկացնում էր այն փաստը, որ նա այդքան մտահոգվում էր իմ առողջության մասին. նշանակում է, նա ինձ շատ է սիրում...

Այդ օրն իմ նախկին կյանքի վերջին օրն էր և իմ տանջանքների սկիզբը: Նրան կարծես փոխել էին. առավոտյան գնաց աշխատանքի, իսկ տուն վերադարձավ բոլորովին ուրիշ մեկը: Ես նրան ընդունեցի, ինչպես նախորդ օրերին էի ընդունում. ընթրիք էի պատրաստել, գեղեցիկ հագնվել՝ մտածելով, որ ճաշելուց հետո ինչ-որ տեղ կգնանք, ինչպես սովորաբար: Նա չմոտեցավ սեղանին:

- Մորս վիճակը վատացել է. նրան երիկամ է պետք: Ես ուզում էի իմը տալ, բայց դա հնարավոր չէ, քանի որ իմ երիկամներն առողջ չեն: Իմ միակ հույսը դու ես: Միայն դու կարող ես փրկել մորս: Խնդրում եմ, օգնիր ինձ: Եթե սիրում ես ինձ, ուրեմն կանես դա հանուն ինձ:

Ես չգիտեի՝ ինչ պատասխանել, ինչ անել: Նա ուզում էր, որ ես անծանոթ կնոջ համար գնայի մի քայլի, որի մասին երբեք չէի մտածել ու միայն ֆիլմերում էի տեսել: Իմ դեմքի արտահայտությունն ու պատասխան արձագանքի բացակայությունը վերջապես ցույց տվեցին նրա իրական դեմքը։

- Փաստորեն, իմ խնդրանքը քեզ համար նշանակություն չունի, և իմ մոր կյանքը քեզ չի հետաքրքրում, հա՞։

Ես մեխվել էի տեղում. չգիտեի՝ ինչ անել: Նայում էի նրա աչքերին, և մարմնովս սարսուռ էր անցնում: Նրա հայացքը քարացած էր ու անկենդան:

-Եթե ես քեզ համար միևնույն եմ, ուրեմն...

- Ես ուղղակի ոչինչ չեմ հասկանում։

- Ասում եմ քեզ, մայրս վատ է, շտապ վիրահատություն է պետք: Էլ ո՞նց բացատրեմ քեզ:

Ես հասկացա, որ եթե մի քանի րոպե էլ այդ խոսակցությունը շարունակվի, ինչ-որ սարսափելի բան է կատարվելու:

- Խնդրում եմ, ինձ մի քիչ ժամանակ տուր: Ես պետք է մտածեմ:
Նրա քարացած հայացքն անհետացավ, ու մի քանի վայրկյանում նա նորից դարձավ այն մարդը, որի համար ես այդքան ճանապարհ էի կտրել...

- Լավ, սիրելի՛ս, դե ես գնամ մորս մոտ, դու էլ քեզ խելոք կպահես, լա՞վ,- նա համբուրեց գլուխս ու դուրս եկավ սենյակից:

Ես հասկացա, որ նրա կողքին գտնվելը վտանգավոր է, և պետք է շուտափույթ մտածել այդ տնից հեռանալու մասին. ամեն ինչ պարզ էր... նա ինձ բերել էր այստեղ միայն այն պատճառով, որ մոր վիրահատության համար երիկամ էր անհրաժեշտ: Եվ ամեն ինչ իր տեղն ընկավ. ինչու նա այդքան ուրախացավ, երբ իմացավ, որ ես առողջ եմ, ինչու ինձ այդպես էլ չծանոթացրեց իր ոչ մի բարեկամի հետ:

Ես սպասում էի, որ նա սենյակից դուրս գար, սակայն չգիտեի՝ որոնք էին լինելու հետագա քայլերս, զանգե՞լ տուն՝ Հայաստան, թե՞ ոչ...
Հավաքեցի տան համարն ու լսվեց մորս ձայնը.

-Մա՛մ, մա՛մ...

Դուռը բացվեց, և նա մտավ սենյակ: Ես վախից մի կողմ շպրտեցի հեռախոսս։

-Այս ի՞նչ ես անում։

- Ուզում էի մերոնց հետ խոսել, տեսնել՝ ինչպես են։

-Դու հիմա ավելի կարևոր բաներ ունես մտածելու, և ընդհանրապես, ավելի ճիշտ կլինի, որ հիմա դուրս գանք:

Չսպասված փրկություն

Մենք նստեցինք մեքենան, և նա ինձ տարավ մի վայր, որը բնավ նման չէր հիվանդանոցի: Երևի կարծում էր, թե այնքան հիմար եմ, որ չեմ հասկանա, որ դա հիվանդանոց չէ, ու որ ոչ մի հիվանդ մայրիկ էլ չկա: Այո՛, նա պարզապես ցանկանում էր վաճառել իմ երիկամը. նա խաղամոլ էր և հսկայական պարտքեր ուներ։

Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվեր այս պատմությունը, եթե ես բախտավոր աստղի տակ ծնված չլինեի...

Ոստիկանական մեքենաների ձայներն ընդհատեցին իմ մտքերը։ Շատ շուտով ոստիկանները մեզ օղակի մեջ առան։ Նրանք փրկեցին ինձ ու հնարավոր է՝ ինձ նման շատ հիմարիկների,- ժպտալով եզրափակեց էլենը: - Ու հիմա ես այստեղ եմ... գնում եմ տուն...

Պատկերացնել անգամ չէի կարող, որ նման պատմություններ իրականում լինում են: Ես լսում էի Էլենին և զարմանում կանացի միամտության ու դյուրահավատության վրա՝ միաժամանակ գիտակցելով, որ մեզանից և ոչ մեկն ապահովագրված չէ նման պատմությունից:

Հ.Գ.

- Ըստ համացանցի տվյալների՝ սև շուկայում մարդկային օրգանների գները տատանվում են 250 հազար դոլարից (սիրտ) մինչև 2-5 հազար դոլար (աչքի եղջերաթաղանթ)։ Երիկամն արժե մոտ 20.000 դոլար, լյարդը՝ 50.000, իսկ ոսկրածուծը՝ մոտ 40.000։

- Մինչև լուրջ քայլերի դիմելը, համոզված եղիր, որ քեզ չեն խաբում և ամենակարևորը՝ հիշիր' համացանցում մարդիկ հաճախ ներկայանում են ոչ այնպիսին, ինչպիսին կան իրականում:

- Նման իրավիճակներում հայտնվելիս զանգահարեք ձեր երկրի դեսպանատուն, իսկ եթե տվյալ երկիրը ձեր երկրի հետ չունի հյուպատոսական հարաբերություններ, ապա անհապաղ դիմեք ոստիկանություն:

http://lurer.com/?p=68523&l=am

Просмотров: 1436 | Добавил: Mancho | Рейтинг: 0.0/0
loading...